Մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար. Ալեն Սիմոնյան
23-08-2023 11:49:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ.
Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:
Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:
Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի:
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին: