Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց


Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց

  • 28-08-2023 13:01:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը: 
 
Օրերս  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական  և ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության բացթողնման բաժինների աշխատակիցները համատեղ  մաքսային զննման են ենթարկել վերոնշյալ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման առարկաներից առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր՝ 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց:
 
Հիշյալ դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի  փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից  ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, այնուհետև տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
 
Անձնական խուզարկության արդյունքում, բացի այլ առարկաներց, տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված: Այս ամենը,  ինչպես նաև հայտնաբերված այլ առարկաները, փաթեթավորված և կնքված` կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու  նպատակով։
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն