Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ

  • 29-08-2023 10:29:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:
 
Անդրադառնալով անկախացումից ի վեր ամենախոշոր բնական աղետի՝ ջրհեղեղների հետևանքով Սլովենիայի կրած վնասներին՝  Նախարար Միրզոյանը Հայաստանի համերաշխությունն է հայտնել Սլովենիայի ժողովրդին և աջակցության պատրաստակամություն հայտնել՝ հաղթահարելու բնական աղետի հետևանքները: Ընդգծել է բնական և մարդածին աղետների դեմ համարժեք արձագանքի և քայլերի կարևորությունը:
 
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում  փոխգործակցության շուրջ:
 
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 
 
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և շեշտել, որ անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: 
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու  հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play