Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը. Տևողությունը 1 ժամ 32 րոպե
01-09-2023 11:59:35 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Այսօրվանից գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սանսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և պաշտոնատար այլ անձինք։
«Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։
Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է:
Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին: