Սոթքում զոհված 37-ամյա Արսենը Ռանչպարից էր, 36-ամյա Անդրանիկը՝ Նորաբացից, վարժական հավաքների մասնակիցներ էին


Սոթքում զոհված 37-ամյա Արսենը Ռանչպարից էր, 36-ամյա Անդրանիկը՝ Նորաբացից, վարժական հավաքների մասնակիցներ էին

  • 01-09-2023 17:19:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար  բնակավայրից էր։
 
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը։
 
Նրա փոխանցմամբ՝ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր.
 
«Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է։  Համեստ ու հարգանքով տղա էր»,- մանրամասնեց Հակոբյանը։
 
Մասիսի քաղաքապետի տեղակալը  նաև հայտնեց, որ Սոթքում զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանն էլ Մասիս խոշորացված համայնքի Նորաբաց  բնակավայրից էր: Նա ևս 25-օրյա հավաքի մասնակից էր։
 
Հակոբյանի տեղեկացմամբ՝ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
 
«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Մոտ 13 օր է՝ ինչ դիրքերում էր»,- նշեց նա։
 
Հիշեցնենք, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
 
Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
 
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը