Լեմկինի ինստիտուտը ահազանգել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին


Լեմկինի ինստիտուտը ահազանգել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին

  • 06-09-2023 13:16:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի վերաբերյալ։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցին կից գրառման մեջ նշվում է, որ զեկույցի հրապարակումը պայմանավորված է «շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ռազմական կուտակումներով»։
 
 
Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է Արցախի պատմությանը, ներկայում շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, ինչպես նաև 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և դրանում Թուրքիայի դերակատարությանը։
 
«Ադրբեջանի արշավում թուրքական զենքերի համատարած օգտագործումն արտացոլում է երկու երկրների միջև շարունակվող համագործակցությունը և Թուրքիայի հաստատակամ աջակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի տարածաշրջանի զավթմանը․․․ Միայն 2020 թվականի առաջին ինն ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 123 միլիոն դոլարի թուրքական զենք, որի կեսից ավելին, ինչպես արձանագրվել է, ձեռք է բերվել հակամարտության բռնկումից ընդամենը մեկ ամիս առաջ», - գրված է զեկույցում։
 
Ըստ Լեմկինի ինստիտուտի զեկույցի՝ պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին։
 
«Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, քանի որ ադրբեջանական ուժերը մինչ օրս շարունակում են խաղաղ բնակչությանը սպառնալ ոտնձգությունների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա անկանոն հարձակումների, հայերի սպանությունների և առևանգումների, ինչպես նաև զինադադարի եռակողմ հայտարարության խախտումների միջոցով», - արձանագրում են զեկույցի հեղինակները՝ վկայակոչելով Բաքվի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքի շրջափակումը։
 
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև արձանագրում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված ճգնաժամը, որն ըստ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ իրենից ներկայացնում է ցեղասպանական գործողություն։ 
 
Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները նաև նշում են, որ «Transparancy International» հակակոռուպցիոն կենտրոնն Ադրբեջանը դասակարգել է որպես «Համախմբված ավտորիտար ռեժիմ»՝ 2022 թ․-ին այն դասելով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի առումով ամենավատ ցուցանիշն ունեցող երեք երկրների շարքում, և հակառակ դրա՝ Հայաստանը դասվել է լավագույն երեք երկրների շարքում։
 
Անդրադառնալով Արցախին՝ զեկույցում նշվում է, որ 2023 թ․-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այն դասակարգել է որպես «մասամբ ազատ»՝ տալով 37/100 «Ազատության միավոր» այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը նույն տարում ստացել է 35 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 9։
 
«Ադրբեջանի և Արցախի Հանրապետության քաղաքական համակարգերի միջև առկա անհավասարությունը հսկայական խոչընդոտ է ցանկացած համաձայնագրի համար, որն Արցախը կներառի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ բռնապետության քաղաքացիություն ընդունելը նման է սեփական քաղաքացիական ազատություններից հրաժարվելուն և ճնշման ենթարկվելուն համաձայնություն տալուն», - գրված է զեկույցում։
 
Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և, ընդհանուր առմամբ, երկրի իշխանությունների մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը։
 
2021 թ․ հուլիսից ի վեր Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բարձրաձայնել է Արցախում Ադրբեջանի կողմից տեղի ունեցող ցեղասպանության վտանգի մասին։
 
Արցախի հայերի սովամահությունը և բռնի տեղահանությունը կանխելու և Հայաստանի Հանրապետության հայերի նկատմամբ ցեղասպանական հետագա հնարավոր հարձակումները կանխելու համար Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանն առաջարկում է այդ թվում՝ հանրային կերպով ճանաչել Արցախում և Հայաստանում հայերի դեմ ցեղասպանության վտանգը, պահանջել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օդային ճանապարհով անմիջապես հումանիտար օգնություն հասցնել Արցախի քաղաքացիներին, ակտիվորեն միջամտել՝ պաշտպանելու Արցախը Ադրբեջանի զինված հարձակումից։
 
Ամբողջական զեկույցը՝ այստեղ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play