ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ


ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ

  • 06-09-2023 14:11:07   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Զորավարժությունների մասով նշեմ, որ, անկասկած, նման տեղեկությունները զգոնություն են առաջացնում՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Ուստի Մոսկվան խորապես կվերլուծի այս տեղեկությունները և կհետևի իրավիճակին», - ասել է Պեսկովը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
 
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
 
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը