Առաջիկա 24 ժամում հայ-ադրբեջանական բանակցություններ կլինեն. մասնակցելու է նաև Բլինքենը
19-09-2023 23:31:18 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա 24 ժամվա ընթացքում կներգրավվի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ուղիներով փորձում է պարզել Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի հետ կապված մանրամասները։
«Բլինքենը, ամենայն հավանականությամբ, մասնակցություն կունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ շարունակվող դիվանագիտական ներգրավվածության մեջ»,- հայտնում է գործակալությունը։
Հավելենք, որ այս պահին Նյու Յորքում են գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նյու Յորքի կենտրոնակայանում վերջին օրերին ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։