Ինչպես է Կրեմլը ուղղորդում պետական ​​լրատվամիջոցներին լուսաբանել ԼՂ-ի իրադարձությունները. ինչ է ձեռք բերել Meduza-ն


Ինչպես է Կրեմլը ուղղորդում պետական ​​լրատվամիջոցներին լուսաբանել ԼՂ-ի իրադարձությունները. ինչ է ձեռք բերել Meduza-ն

  • 20-09-2023 19:05:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Meduza լրատվականի ձեռքի տակ է հայտնվել մեթոդական մի ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։
 
Այդ ձեռնարկում Կրեմլը ուղղորդում պետական լրատվամիջոցներին՝ թե ինչպես լուսաբանել իրադարձությունները Ղարաբաղում։ Մասնավորապես խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին՝ շեշտը դնելով այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։ 
 
Ձեռնարկի տեքստում ասված է.
 
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, և այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր սեփականը, որպես ներքին գործ»։
 
Կրեմլը խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտարկող», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցներին պետք է պատմել «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի տարածքում:
 
Meduza-ն նշում է, որ Կրեմլի այս թեզերն արդեն հայտնվել են «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի նյութում։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։
 
«Հայ ժողովուրդը կցանկանար, որ Ղարաբաղում խաղաղություն լինի, իսկ Հայաստանում՝ բարգավաճում։ Երևանի իշխանությունը, դատելով իր քաղաքական քայլերից, երազում է ազատվել Ղարաբաղից՝ որպես ավելորդ բեռ և նավարկել դեպի Արևմուտք»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
 
«Լենտա.ռու»-ի հոդվածում ասվում է, որ «ղարաբաղյան հիմնախնդիրն, ըստ էության, դառնում է Ադրբեջանի ներքին խնդիր»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը