Կոչ եմ անում Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Կոնգրեսական Քրիս Սմիթ
21-09-2023 10:12:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Այժմ առավել, քան երբևէ, ԱՄՆ նախագահ Բայդենը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ստեղծելու մանդատ և խաղաղապահ առաքելություն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին:
Այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը, ով վերջերս նախագահում էր Կոնգրեսի՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակի վերաբերյալ 2 լսումները:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լուրջ վտանգ է սպառնում. նրանք ստիպված են զինաթափվել և անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի վայրագություններ է իրականացրել նրանց դեմ, ցանկություն է հայտնել իրականացնել էթնիկ զտումներ և նույնիսկ սկսել ցեղասպանություն սովի միջոցով՝ արգելափակելով Լաչինի միջանցքը:
Ցավոք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլեֆ է անվանել Բայդենի վարչակազմի այն պնդումները, թե «չեն հանդուրժի» հարձակումը։
Սեպտեմբերի 6-ին իմ նախագահած արտահերթ լսումների ժամանակ Դեյվիդ Ֆիլիպսը` Կոլումբիայի համալսարանի վայրագությունների ծրագրի տնօրենը, ներկայացրեց Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունների վերաբերյալ լայնածավալ ապացույցներ՝ ներառյալ պատասխանատուների ցուցակը:
Ես կոչ եմ անում նախագահ Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետ դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան՝ վերահսկելու իրավիճակը և անմիջապես զեկուցելու ցանկացած վայրագության կամ չարաշահումների մասին։ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն շարունակելու ապրել իրենց հինավուրց հայրենիքում և դա անել ապահով վիճակում»: