Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան


Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

  • 21-09-2023 12:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ:
 
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային եւ հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ եւ խաղաղ Հայաստան ժառանգենք:
 
Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:
 
Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, եւ մեր ժողովուրդը եւ պետականությունը կանգուն պահում:
 
Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյո՞ք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին, առաքելություն ունենք եւ սա պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ եւ չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:
 
Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության եւ պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:
 
Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից եւ միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ եւ մեր ուժերին: Վճռական եւ վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխաների, հանուն մեր անկախության եւ ինքնիշխանության ամրացման:
 
Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:
 
Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք:
 
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով եւ հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play