Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան


Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան

  • 22-09-2023 11:10:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:
 
Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է: Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»:
 
Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր հոսքի համար  ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջին օրից սկսած: «Մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ: Մենք մեր գործողություններով ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը հենց սրա մասին էր:
 
Վարչապետը վստահեցրեց՝ ոչ մի բան չեն խնայի:
 
Փաշինյանի գնահատականը նույնն է՝ ուղիղ սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է: Սակայն իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահին կարող է փոխվել:
 
Վարչապետը նաև նշեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, ուստի կարևորեց հանրության հետ առավել ակտիվ հաղորդակցությունը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը