2024թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս այլևս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա
22-09-2023 12:05:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. 2024թ. հունվարի 1-ից այլևս ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա։
ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ելքի վիզային վերաբերելի օրենսդրական բոլոր դրույթները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանել ենք ԱԳՆ-ի համար եռամսյա ժամկետ՝ իրազեկման համար, որ օտարերկրյա պետությունները այս պահանջը հանելու հետ կապված իրազեկ լինեն և քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով խնդիրների չբախվեն»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իր մոտ միշտ հարց է առաջացել՝ ինչպես է լինում, որ քաղաքացին անձնագիր ունի, ուժի մեջ է, բայց այն վավերական չէ:
«ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չունեն»,- ասաց նա։