ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

  • 26-09-2023 09:44:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին  ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
 
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը  Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործընթացում։
 
«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն։ Չնայած դրան՝ մեր կառավարությունը հավատարիմ է որդեգրած օրակարգի իրականացմանը՝ վստահ լինելով, որ այն կարող է ապահովել նաև անվտանգություն և ինքնիշխանություն», - նշել է Տիգրան Խաչատրյանը։
 
Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, ԼՂ-ից բռնի տեղահանվող բնակիչների խնդիրները։ Տիգրան Խաչատրյանը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող քայլերը։
 
Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշել է, որ ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում։
 
Կողմերը քննարկել են այն ծրագրերը և առաջնահերթությունները, որոնց շուրջ առաջիկայում կկենտրոնացվեն ջանքերը։
 
Հարգանքով՝
 
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն