ԱՄՆ-ն ցավակցել է ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ
27-09-2023 13:50:06 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնը։
«Մենք խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակական հումանիտար հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին», - նշված է հայտարարությունում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի այցին Հայաստան և Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնությանը։
«Ադմինիստրատոր Փաուերը տեղում է, և այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) Միացյալ Նահանգները հայտարարում է լրացուցիչ մարդասիրական օգնության մասին՝ բուժօգնության և այլ արտակարգ կարիքները հոգալու համար՝ օգնելով տեղի համայնքներին տրամադրել օթևան և անհրաժեշտ պարագաներ, ինչպես օրինակ՝ հիգիենայի պարագաներ, վերմակներ և հագուստ՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները», - գրված է հայտարարությունում։
Էդրիեն Ուաթսոնը հիշեցրել է, որ 2020 թ.-ից ի վեր ԱՄՆ-ն աջակցել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև՝ տարհանումների և ընտանիքների վերամիավորման հարցում: