ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
28-09-2023 12:44:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և քվեարկության է դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու, և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:
Նախագիծը միաձայն ընդունվել է և կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ:
Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում՝ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ամբողջությամբ։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիների համար արված հայտարարության մեջ էլ վարչապետը նշել էր, որ Հայաստանում Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն: