ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
28-09-2023 20:59:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։
Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻՀՊ պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը` ի պատասխան Վարդանյանի կալանավորումը մեկնաբանելու խնդրանքին։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու պատշաճ և արդար դատավարության իրավունքների հարգումը, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ: Պետք է Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն և պաշտպանվեն»,- ասել է Թրոսելը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի Սաբայիլի շրջանային դատարանը քննել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Պետական անվտանգության ծառայության քննչական վարչության հայցը։ Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով:
Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: