«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի»․ Վարդան Ղուկասյանը մտադիր է քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին


«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի»․ Վարդան Ղուկասյանը մտադիր է քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին

  • 02-10-2023 12:44:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է»:
 
Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկներին: 
 
«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ո՛չ ընդունում եմ, ո՛չ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը, եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գործարքի, սակայն Հայկ Մարությանն ասաց, որ կա՛մ ինքը քաղաքապետ կլինի, կա՛մ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է՝ ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասաց նա:
 
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության և բոյկոտելու է ավագանու առաջին նիստը՝ նոր ընտրությունների գնալու համար, ըստ նրա՝ այդպես է վարվելու նաև Թևանյանի գլխավորած դաշինքը, և «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել է նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:
 
Ղուկասյանը արդեն պատասխանել էր այս հայտարարությանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ հատուկ առաջարկով դիմել էր Մարությանին, սակայն համաձայնության չէին եկել: Ըստ նրա՝ ինքը պատրաստ էր միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը, բոյկոտել ավագանու առաջին նիստը, սակայն մի պայմանով՝ եթե իր հետ պայմանագիր կնքեն՝ ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին: 
 
Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ:
 
Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play