ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը
03-10-2023 12:20:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. 3 տարի խոսել դավաճանությունից, կապիտուլյացիայից, 3 տարի խոսել հողատվությունից, ազգադավությունից, բայց հետո գնալ, ազգադավությամբ զբաղվել, հողատվությամբ, դավաճանությամբ զբաղվել և ստորագրել թուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չկա, դա այնպիսի քայլ է, որը Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան:
ԱԺ նիստի ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Ի պատասխան՝ ընդդիմության շարքերից հնչեցին տարբեր գնահատականներ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նկատեց. «Պարոն Օհանյան, մենք Ազգային Ժողովում ենք, հիշեք դա և զսպեք ձեզ, գոյություն ունի ելույթ ունենալու տեղ ու ժամանակ»:
«Ընդդիմության ջղաձգումներին պետք է վերաբերվել հասկանալիորեն»,- ասաց Պապոյանն ու շարունակեց.
«3 տարի ինչ ասես, արեցիք, որ դուռն ասես՝ չգնացիք, որպեսզի կարողանաք ՀՀ-ում զավթել իշխանությունը, բայց չստացվեց, փոխարենը հաջողվեց զավթել իշխանությունը ԼՂ-ում: Եվ ինչ տեղի ունեցավ: Նախ սկզբից զավթեցին իշխանությունը, ԼՂ ԱԺ-ում դաշնակցական ԱԺ նախագահ ընտրեցին, հետո անցան մյուս փուլին. իրենց ուզած նախագահին ընտրեցին:
Մի հրճվանք եղավ, երկու խմբակցությունների ղեկավարները հայտարարություններ էին տարածում, թե տեսեք՝ ինչ է լինելու:
Տեսանք՝ ինչ եղավ: Մեկ շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք:
2020 թվականի նոյեմբերին ՀՀ-ն կապիտուլյացիա չի ստորագրել, 20-ի նոյեմբերին Հայաստանը պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ ՀՀ-ի համար վատ պայմաններով: Այ, կապիտուլյացիան դո՛ւք եք ստորագրել: Հետևաբար, այո, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք»: