Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին


Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին

  • 10-10-2023 13:21:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
 
«Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։
 
Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»:
 
Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում:
 
«Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով:
 
Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play