Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան


Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան

  • 25-11-2023 11:14:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
 
Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված կարևոր իրադարձություններին։ Նրա նշմամբ՝ սա ցույց է տալիս այն աշխատանքը, որն արվում է կինոոլորտի նվիրյալների կողմից, որպեսզի հայկական կինոն, անիմացիան զարգանան և լինեն հանրության կյանքի կարևոր մի մաս։
 
«Կինոն մեր պատմության վատ ու լավ օրերի ուղեկիցն է: Հիշելով տարբեր դրվագներ՝ կինոն դառնում է մեր զգացողությունները փոխանցելու, մեր սեփական պատմությունը միմյանց պատմելու պատկերային միջոց: Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը: Այս համատեքստում մենք հրաշալի հաջողություններ ունենք: Օրերս էլ վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է մրցանակի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ հուշագիրը ստորագրվում է Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական տարում և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ, ինչը խորհրդանշական է․ «Մեզ հասած ժառանգությունը լավ իմաստով մեր պարտավորությունն է, մեր պատմությունը, որը, վստահ եմ, կշարունակենք  նույնքան արժանավայել և բարձր պատասխանատվությամբ՝ փոխանցելով այն սերունդներին»:
 
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Նա մեծ դրվատանքով է խոսել ոլորտում իրենց քայլերն անող երիտասարդների մասին՝ ընդգծելով, որ առկա իրավիճակում բարենպաստ պայմաններ կան նրանց առաջխաղացման և մասնագիտական կայացման համար:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հորդորել է երիտասարդներին լայնացնել մասնագիտական  մտահորիզոնը, ստեղծագործական կարողությունների սահմանները, ինչպես նաև ակտիվացնել փոխգործակցությունն արտերկրի գործընկերների հետ՝ սովորել ու փորձով հարստացած վերադառնալ Հայաստան և արարել հայրենիքում:
 
Նշենք, որ համագործակցության հուշագրի նպատակն է ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության սերտ համագործակցությունը կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում: Այն միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը՝ նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: Հուշագիրը կնպաստի նաև կինոծրագրերի միջոցով նախարարության կրթական և մշակութային ռազմավարական ծրագրերի աջակցմանը, կինոյի միջոցով կրթական, մշակութային, ստեղծարար և նորարար ծրագրերի, նախագծերի իրագործմանը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play