Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները


Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

  • 28-11-2023 17:29:32   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել այդ երկրում  Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները՝ ԶԼՄ-ների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու պատճառով։
 
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ինչպես նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն առանձին կանչվել են Արտաքին գործերի նախարարություն: Հանդիպումների ժամանակ նրանց ասվել է, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացնում է անօրինական ֆինանսական գործողություններ, նշված երկրների դեսպանատները ներգրավվել են այդ գործունեության մեջը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
 
Դիվանագետները հայտնել են, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow, New Democracy Fund և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջան: Միաժամանակ ընդգծվել է, որ պետական գրանցում չանցած նախագծերի ֆինանսավորումը երկրի օրենսդրության լուրջ խախտում է։
 
Բացի այդ, նրանք հիշեցրել են, որ «Լրատվամիջոցների մասին» Ադրբեջանի օրենքի համաձայն՝ չի թույլատրվում տեղական լրատվամիջոցների սուբյեկտների ֆինանսավորումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների պետական կառույցների կողմից։
 
«Ընդգծվել է, որ Ադրբեջանի տարածքում իրենց երկրների դեսպանատների և կազմակերպությունների այս հակասական գործողությունները նույնպես համարվում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների գործողություններն ուղղված են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն և հայտարարել են, որ Բաքուն նշված փաստերի բերումով իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
 
Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին «AbzasMedia» անկախ ինտերնետային պորտալի հիմնադիր և տնօրեն Ուլվի Հասանլիին և նրա գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին՝ արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։ Դատարանը որոշում է կայացրել նրանց չորս ամիս ժամկետով կալանքի տակ վերցնելու մասին։ Իրենք՝ լրագրողները, կարծում են, որ իրենց մասնագիտական գործունեության համար բերման են ենթարկել պորտալում կոռուպցիոն նյութերի հրապարակման պատճառով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play