ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը


ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը

  • 02-12-2023 11:09:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 28-րդ նստաշրջանը։ 
 
Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
 
Համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էին ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վ․ Բիյագովը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա․ Հովհաննիսյանը և ՔԶԱԿ-ում ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Վ․ Քալաեջյանը։
 
Համաժողովին հնչեցվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում ընդգծվում էր Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նշանակալի դերը՝ զանգվածային զենքերի չտարածման և դրանց ոչնչացմանն ուղղված միջազգային օրակարգում, Հայաստանի հանձնառությունը կոնվենցիայի արդյունավետ կիրարկման հարցում, ինչպես նաև ՔԶԱԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության կարևորությունը։
 
ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց նաև ոչ պետական դերակատարների կողմից առկա վտանգին դիմակայելու, քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը։
 
Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցան ՔԶԱԿ Գործադիր խորհրդի կազմում Արևելյան Եվրոպայի խմբի ներկայացուցիչների ընտրություններ, որի արդյունքում ընտրվեցին Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև հաստատվեց ՔԶԱԿ երկամյա բյուջեի ու ծրագրի նախագիծը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը