Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ


Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

  • 02-12-2023 11:31:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանը դրական ազդակներ է ակնկալում թուրքական կողմից՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում։
 
Դավիթ Գալստյան. Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
 
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։
 
Նոյեմբերի կեսերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ նոր անցակետի շինարարությունը մոտենում է ավարտին:
 
Դրանից առաջ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մաքսային հսկման և վերահսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ շենքերն ու շինությունները կառուցվել են, կատարվում են ներքին հարդարման, ինժեներական հաղորդակցությունների մոնտաժման և բարեկարգման աշխատանքներ։
 
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
 
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
 
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը