Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ, դուք եկել էիք մեզ սպանելու, գնդակահարություն էիք բեմադրում. Սիմոնյանը՝ Մինասյանին
05-12-2023 13:03:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե հերթական անգամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը թույլ չտվեց ընդդիմության նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ ու քննարկվի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ հանրությունը սպասում է, որ հասկանա՝ ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ. «Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք»:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները»:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ:
«Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում, ինչքան վիրավորանք կար, ընդհանրապես օգտագործեցիք, որ նույնիսկ վիրավորանք բառը արժեզրկեցիք: Մեր ընտրողների մի մասն առնվազն ընտրել է նրա համար, որ դուք այստեղ չհայտնվեք»,- նշեց նա՝ նկատելով, որ իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին: