Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար. Արայիկ Հարությունյան


Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար. Արայիկ Հարությունյան

  • 05-12-2023 14:23:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկ»-ը» խորագրով փորձագիտական համաժողովին:
 
Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: 
 
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
 
«Համաժողովի հարգելի մասնակիցներ, 
Տիկնայք և պարոնայք,
 
Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում «Նոր իրողություններ և «Խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի շրջանակներում: 
 
Մեր օրերում միջազգային հարաբերությունների՝ բոլորիս հայտնի սկզբունքներն ու կանոնները խարխլվում են, իսկ  համագործակցային անվտանգության նկատմամբ վստահությունն ու լավատեսությունը շարունակում է նվազել: Սակայն, Հայաստանը հավատում է կայուն խաղաղության հասնելու, բոլոր վերքերը և հակամարտությունները խաղաղ միջոցներով հանգուցալուծելու մեր մեծ տարածաշրջանի ժողովուրդների ցանկությանն ու կարողությանը:
 
Փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր է պահանջում, ու Հայաստանը ևս պատրաստ է իր նպաստը բերել առկա մարտահրավերների հաղթահարման, մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործընթացում: Պատմականորեն Հայաստանը միշտ եղել է հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող խաչմերուկում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով: Այսօր ևս ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Հայաստանը պատրաստ է ծառայել որպես կապող հանգույց նման փոխգործակցության համար: 
 
Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մոտ 30 տարի շրջափակված իր հարևաններից երկուսի կողմից՝ Հայաստանը լավ գիտակցում է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների լիարժեք կենսագործունեության կարևորությունը:
 
Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում մենք առաջնորդվում ենք տարածաշրջանային երթուղիների համապարփակ, ներառական և ոչ խտրական կիրառման, երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման սկզբունքներով, տարածաշրջանում բոլոր կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով: 
 
Այս գիտակցումով է, որ Հայաստանի կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես մեր կողմից որդեգրված խաղաղության օրակարգի կարևորագույն մի մաս: Այդ հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է՝ նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր կառուցելու, հները նորոգելու և գործարկելու միջոցով: 
 
Նախագծի նպատակն է՝ վերականգնել տարածաշրջանի կարևոր դերը՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում անխոչընդոտ տարածման ապահովման գործում: Կասկածից վեր է, որ բեռների, ապրանքների և մարդկանց տեղաշարժի նոր հնարավորություններն իրենց հերթին կապահովեն անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաև տնտեսական աճի լուրջ նախադրյալներ տարածաշրջանի բոլոր երկրների համար: 
 
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչման համար: Ցանկանում եմ նշել նաև, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է միջազգային բոլոր գործընկերների գործուն աջակցությունը:
 
Հարգելի ներկաներ,
Ձերդ գերազանցություն դեսպաններ,
 
Ես լիահույս եմ, որ համաժողովի ընթացքում ակտիվ երկխոսություն կծավալվի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ: Վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր մարտահրավերներին գալիս են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերը, ավելի են կարևորվում նման քննարկումները: Կարծում եմ, որ այս համաժողովը կարող է դառնալ հաջողված հարթակ, և պետք է ապահովել վերջինիս շարունակականությունը՝ հրավիրելով նաև մասնակիցներ տարածաշրջանի այլ երկրներից: Բայց այն ներկայացուցչականությունը, որ այստեղ կա, արդեն լուրջ լավատեսություն է ներշնչում:
 
Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել այս համաժողովը և հաջող ընթացք մաղթել մասնակիցներին:
 
Շնորհակալություն»: 
 
Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին է ներկայացվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն