Ես հոգնել եմ կրկնել, որ մենք նպատակ չունենք զենքով միջանցք գրավել. Ալիև
06-12-2023 15:52:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Ես հոգնել եմ կրկնել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցք, կարող ենք այլ տարբերակներ դիտարկել»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է ԶՀԳ համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:
«Միշտ ասել եմ՝ մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի, նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանն այստեղ շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Այս համատեքստում կոծկելով սեփական սխալներն ու չտեսնելով անձնական մեղավորությունը՝ նա մեղադրել է Հայաստանին եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար:
«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ չի կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա ՌԴ սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ-ն»,- ասել է նա։