Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան
08-12-2023 13:05:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Արդյոք Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների աշխատակազմերի ընդհանուր հայտարարությունը կբերի՞ պայմանավորվածության նաև խաղաղության պայմանագրի ավելի վաղ ստորագրման համար:
Հարցին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, որովհետև կառուցողական ենք տրամադրված դրան։ Պետք է հավատարմություն հայտնվի այն սկզբունքների համար, ու փաստաթուղթը ունենա այն տեքստը, որը հնարավոր կլինի Հայաստանի համար ստորագրել, և որին իր համաձայնությունը կտա նաև Ադրբեջանը։
Հայտարարության ընդունումը դրական կարող է ազդել, դրական բառապաշար կա առնվազն հայտարարության տեքստի մեջ, ինչը կնպաստի հետագա բանակցությունների ընթացքին»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը այդ պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու. «Ադրբեջանը պետք է վերահաստատի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին իր հայտարարությանը»։
Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։