Աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ պահանջում են հայ բանտարկյալների ազատությունը


Աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ պահանջում են հայ բանտարկյալների ազատությունը

  • 12-12-2023 16:10:50   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
Նոբելյան մրցանակակիրներ,  խոշոր գործարարներ,  պետությունների նախկին ղեկավարներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ միավորվել են՝ կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին։
 
Առավել հայտնի բանտարկյալներին բաց չթողնելը Բաքվի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորման արտահայտություն է: ԱՄՆ Կոնգրեսում և Եվրոպական խորհրդարանում ամրապնդվում է Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը:
Նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը և համաշխարհային այլ գործիչներ ստորագրված նամակում մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների, ներառյալ հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցով։
 
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2023 թ. –Միջազգային լայն ճանաչում և համբավ  ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել  հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝  Լեռնային Ղարաբաղի  նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և  այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։
 
Համատեղ  կոչ-նամակը ստորագրողները  լուրջ անհանգստություն են  հայտնում կալանավորված անձանց, ներառյալ հայ նշանավոր գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Նրանց ձերբակալությունը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից  իրականացված էթնիկ զտման  արշավին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում  Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը: 
 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և գործողություններ են պահանջում, - ընդգծել  է նամակն ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: - Նախագահ Ալիևը քաղաքական  հաշվեհարդարը նախընտրում  է արդարությունից: Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»:
 
Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանյանի հետ, որը դարձել է տարածաշրջանում քաղաքական ազատության ու մարդկային արժանապատվության համար մղվող պայքարի խորհրդանիշ: Նրա անարդարացի բանտարկությունը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց :
 
«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիևին կատարել միջազգային  իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված  անձինք կարողանան անվտանգ վերադառնալ  իրենց տուն , - ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:-Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել  տեղաշարժի և  անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու  իրավունք: Հաշվի առելով COP29-ը  հյուրընկալելու Ադրբեջանի  ներկայացրած հայտը՝  անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:
 
Փոլմանը մեկն է  նամակն ստորագրած անձանցից , որոնց թվում են նաև, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր  ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը:
 
«Ռուբեն Վարդանյանի և մյուսների  ապօրինի կալանավորումը խախտում է նրանց  հիմնարար իրավունքները, - ասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը: -Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»:
 
Նրանց միասնական կոչը  որպես հիշեցում  է հնչում այն մասին, որ համաշխարհային քաղաքական առաջնորդներն աչալրջորեն հետևում են Ադրբեջանում կատարվող իրադարձություններին և կոչ են անում ազատ արձակել կալանավորվածներին: Ինչպես շեշտվում է նամակում, հայ գերիների կալանավորումը միջազգային իրավունքի  նորմերի, այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։
 
Վերջին շաբաթներին Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի անդամները հետամուտ են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից բխող ապօրինաբար պահվող բոլոր կալանավորների ազատ արձակմանը: Եվրախորհրդարանը հոկտեմբերին բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արվում ազատ արձակել և պարտավորվել լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի բոլոր այն բնակիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք ձերբակալվել են սեպտեմբերի 19-ից հետո։
 
Նույն կերպ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է (դեմոկրատ Կալիֆորնիայից) բանաձև ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա  ադրբեջանական հարձակումների  ընթացքում կալանավորված բոլոր ռազմագերիներին և ներկայումս կալանքի տակ պահվող քաղաքացիական անձանց:
 
Գործարկված https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների) ամբողջական ցուցակը և նամակի պատճենը:
 
Նամակի վերաբերյալ հարցերի կամ այս ջանքերին աջակցելու , թեմայի վերաբերյալ  հարցազրույցներ կազմակերպելուհամար կարող եք կապ հաստատել  contact@freearmenianprisoners.com էլ. հասցեով:
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play