Հայաստանի ՎՊ-ն դատախազություն կուղարկի Գեղարքունիքի մարզում<br /> հայտնաբերված խոշոր խախտումների վերաբերյալ նյութերը<br />


Հայաստանի ՎՊ-ն դատախազություն կուղարկի Գեղարքունիքի մարզում
հայտնաբերված խոշոր խախտումների վերաբերյալ նյութերը

  • 12-12-2008 14:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների կողմից պետական ու համայնքային բյուջեների մուտքերի ապահովման, բյուջետային միջոցների օգտագործման, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 579 մլն դրամի խախտումներ, այդ թվում 151 մլն դրամը` գնումների գործընթացի հետ կապված: ՎՊ-ի խորհրդի դեկտեմբերի 10-ին մարզում կայացած արտագնա նիստում որոշվել է կոռուպցիոն առավել մեծ ռիսկեր պարունակող գործերն ուղարկել դատախազություն: Ըստ ՎՊ-ի պաշտոնական կայք-էջում տեղադրված հաղորդագրության, նման գործերից մեկն առնչվում է Սեւանի քաղաքապետարանին: Վերջինս, անտեսելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելքը, վաճառել է մեկ մանկապարտեզի, ինչպես նաեւ միջնակարգ եւ գիշերօթիկ մեկական դպրոցների շենքերը: Հաջորդ կոպիտ խախտումը վերաբերում է Սեւանի Ազգային պարկի հողատարածքներին. քաղաքապետարանը 47 հեկտար տարածք` 1 քառակուսի մետրը տարեկան 14 դրամով, վարձակալության է տվել գործարար Արայիկ Հայրապետյանին: Վերջինը լճի ափամերձ տարածքում հիմնել է «Լավանդա-սիթի»-ն` կառուցելով վաճառքի համար նախատեսված կապիտալ շինություններ, մինչդեռ կառավարության որոշմամբ 1907 մետր նիշից ցածր տարածքներում կապիտալ շինարարության իրականացումն արգելված է եւ թույլատրվում է միայն շարժական տնակների տեղադրում: Բացի այդ, 40-60 հազար ԱՄՆ դոլարի չափով շուկայական արժեք ունեցող շինությունների վաճառքի գինը հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում ձեւակերպված է 1,5-8 մլն դրամ (շուրջ 5-27 հազար ԱՄՆ դոլար): ՎՊ-ն 42-45 մլն դրամի չափով խախտումներ է արձանագրել նաեւ Վարդենիսի քաղաքապետարանում: Նախկին քաղաքապետին հնարավորություն է տրվել ներկայացնելու պետությանը պատճառած վնասը վերականգնելու ժամանակացույց, սակայն այն չի ներկայացվել, ինչի պատճառով այս գործը եւս որոշվել է ուղարկել դատախազություն: Մեկ այլ արտառոց դեպք էլ արձանագրվել է մարզի Գեղամասար գյուղում, ուր պետական միջոցներով երեք ուղղությամբ խմելու ջրագիծ է կառուցվել: Սակայն հետագայում պարզվել է, որ «մայր» ջրագիծը, որին դրանք պետք է միացվեին, չկա: «Մայր» ջրագծի 5 800 մետր խողովակները դատարանի որոշմամբ ապամոնտաժվել եւ վաճառվել սոցապ հիմնադրամին գյուղապետարանի 1,6 մլն դրամի պարտքը մարելու նպատակով: Ընդ որում, դատարանի որոշմամբ ջրագծի խողովակների 1 գծամետրի գինը հաշվարկվել են 276 դրամ` այն դեպքում, երբ շուկայական գինը 8-11 հազար դրամ է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն