Թոշակի գնացող տեսուչներ, օր օրի ավելացող վերահսկվող օբյեկտներ․ ՍԱՏՄ–ում ոլորտի մասնագետների խիստ պակաս կա


Թոշակի գնացող տեսուչներ, օր օրի ավելացող վերահսկվող օբյեկտներ․ ՍԱՏՄ–ում ոլորտի մասնագետների խիստ պակաս կա

  • 15-01-2024 18:32:08   | Հայաստան  |  Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից է համապատասխան մասնագետների պակասը։ Վերահսկողական գործառույթ ունեցող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում տեսուչների 193 հաստիքից համալրված է 157–ը, իսկ 36–ը թափուր են, մինչդեռ վերահսկվող օբյեկտների թիվն անհամեմատ մեծ է:
 
Ինչպես 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, գործող 157 տեսուչները պետք է վերահսկողություն իրականացնեն 26750 սննդի շղթայի օպերատոր հանդիսացող օբյեկտներում և 317000 գյուղացիական տնտեսություններում։ 
 
Ըստ Ա․ Հայրապետյանի՝ տեսուչների և վերահսկվող օբյեկտների թվի համեմատությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ մեծ ցանկության դեպքում անգամ 157 տեսուչները չեն կարողանա ֆիզիկապես ծածկել համապատասխան մասնագետների բացը և լրացնել կարիքները։ 
 
«Մեր համակարգը քաղծառայության համակարգ է, հետևաբար մենք համալրում իրականացնում ենք օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով։ Երկու քննություն պետք է տան աշխատանքի դիմողները՝ բանավոր և գրավոր․ շատ դեպքերում մասնակցում են, չեն հաղթահարում, հետևաբար չեն կարողանում նշանակվել։ Մյուս մասը վերաբերվում է մասնագիտական գիտելիքների պակասին, մենք ցանկանում ենք, որպեսզի լինեն սննդի մասնագետներ, անասնաբույժներ, բուսասանիտարներ, բայց ցավոք սրտի, ուղղությունն ավելի շատ տնտեսագետ, իրավաբան պատրաստելն է մեր երկրում»,– դժգոհեց ՍԱՏՄ ղեկավարը՝ հավելելով, որ շատ կցանկանային, որպեսզի կառույցը համալրվեր երիտասարդ, նոր գիտելիքներով զինված մասնագետներով։ 
 
Ա․ Հայրապետյանի խոսքերով՝ Հայաստանի Ագրարային համալսարանը, որն իրենց ոլորտի պահանջները բավարարող մասնագետներ պատրաստող հիմնական ԲՈՒՀ–ն է, այսօր շատ քիչ թվով շրջանավարտներ է տալիս։ 
 
ՍԱՏՄ–ում ներկայումս աշխատողների տարիքային կազմը շատ բարձր է, թոշակային տարիքի, ովքեր պարբերաբար համակարգից դուրս են գալիս թոշակի գնալու պատճառով։ 
 
Հայաստանում գյուղատնտեսական մասնագիտությունները՝ անասնաբուժություն, բուսասանիտարիա և այլն, երիտասարդներին ավելի գրավիչ դարձնելու համար իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնցից մեկն էլ Ռազնմավարական Զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսումնական արդիականացում (ՄԱՎԵՏԱ) ծրագիրն է։ 
 
Ծրագրի նպատակը կին և տղամարդ մասնագետների, շրջանավարտների գիտելիքն ու հմտությունները բարելավելն է, որը կնպաստի նրանց կայուն, միջավայրին համապատասխան ներառական առաջընթացին, եկամտի աճին և կխթանի գյուղատնտեսության և հարակից ոլորտներում՝ նաև պետական համակարգի կառույցներում, զբաղվածությանը։ 
 
Այն ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Արգո» ՓԲԸ–ն։ 
 
ՄԱՎԵՏԱ ծրագիրն իրականացվում է Երևանում և ՀՀ Սյունքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի մարզերում՝ համագործակցելով Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի և ՀԱԱՀ–ի Երևանի քոլեջի հետ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող մասնավոր հատվածի հետ։ 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն