Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ


Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ

  • 27-03-2024 11:20:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:
 
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:
 
Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը. «Կարեւորում եմ մեր խորհրդարանականների միջեւ անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ տեղում ծանոթանալու իրավիճակին»:
 
ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:
 
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
 
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:
 
Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:
 
Կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները եւ համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման:
 
Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play