«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան. Կոնջորյան


«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան. Կոնջորյան

  • 09-05-2024 13:49:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
 
Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:
 
Ռուս սահմանապահները Տավուշում ու Սյունիքում նոր հենակետեր դրեցին 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առանց մանդատի ու պայմանագրի:
 
Ապրիլի 20-ին Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել էր նա:
 
Իսկ օդանավակայանից ռուսներին հանելը ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։
 
Վարչապետն էլ մարտի 12-ին՝ ասուլիսի ժամանակ, նշեց․ - «Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք»։
 
Մոսկվան արձագանքել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը