Ալմաթիում այսօր կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը


Ալմաթիում այսօր կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը

  • 10-05-2024 10:27:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ալմաթիում այսօր նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
 
Բաքուն հաղորդում է, որ Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Ղազախստան, քննարկումները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ են լինելու։
 
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Ալիևը շեշտել էր՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։ «Երբ Երևանն ու Բաքուն մենակ են շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ», - ասել էր Ադրբեջանի նախագահը՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները։
 
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը