Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին


Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին

  • 15-05-2024 10:30:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
 
Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։
 
«Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։
 
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
 
Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
 
Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Արդյոք հենց այս հարցերն են շարունակում մնալ բաց՝ կողմերը դեռ չեն հստակեցնում։
 
Համենայն դեպս Երևանը կառուցողական, Բաքուն դրական է գնահատում Ալմաթիի հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը