Միջպետական ճանապարհը փակած տավուշցիները ՄԻՊ–ի և մարզպետի հետ հանդիպում են պահանջում


Միջպետական ճանապարհը փակած տավուշցիները ՄԻՊ–ի և մարզպետի հետ հանդիպում են պահանջում

  • 16-05-2024 15:59:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը գյուղացիներին հորդորեց բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել փակ տարածքում, ոչ թե դրսում։
 
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպում են պահանջում։
 
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։ Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
 
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը գյուղացիներին հորդորեց բացել ճանապարհը։
«Մենք ճանապարհը փակել ենք, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը գա և արձանագրի, թե ինչպես են այստեղի մարդկանց իրավունքները ոտնահարվում։ Այստեղ 57 մարդու վկայական, 2 մարդու տուն կադաստրի վկայականով անցնում է Ադրբեջանին իրենց հրապարակած քարտեզով։ Ադրբեջանը երբեք այդ հատվածում չի եղել։ Թող մարզպետն էլ գա ու մեր հարցերին պատասխանի»,– դիմելով նրան` ասաց տավուշցի Գոհար Վարդանյանը։
 
Մկրտչյանը նշեց, որ մարզպետը պատրաստ է հանդիպել։ Տավուշցիները չհամաձայնեցին ճանապարհը բացելու պայմանին, քանի որ Ղալումյանը ցանկանում է հանդիպել առանց լրատվամիջոցների ներկայության։
 
 
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
 
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը