Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին


Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին

  • 22-05-2024 14:25:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
 
Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:
 
«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձեւը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ:
 
Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից եւ կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:
 
Կլոդ Վիզլերը նշել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում:
 
«Մենք խրախուսում ենք ինչպես մեր, այնպես էլ ԵՄ անդամ այլ պետությունների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը: Կարեւորում ենք եւ պահանջում ռազմագերիների անհապաղ վերադարձն իրենց հայրենիք»,- նշել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի ղեկավարը:
 
Քննարկվել են Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը եւ Հայաստան-Լյուքսեմբուրգ միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա կարեւորությանը` տարածաշրջանում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցում:
 
Հանդիպման ավարտին Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն