Վարորդների գործադուլից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ-ն ազատվել է աշխատանքից


Վարորդների գործադուլից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ-ն ազատվել է աշխատանքից

  • 23-05-2024 13:45:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Factor TV-ի տեղեկություններով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրնեի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը վարորդների երեկվա գործադուլից հետո ազատվել է պաշտոնից։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից չհաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ազատելու հիմք չկա։ Այդուհանդերձ, վարորդները անանուն մնալու պայմանով Factor TV-ի հետ զրույցում ևս նշեցին, որ Նազարյանը գիշերն ազատվել է պաշտոնից։ Հիշեցնենք, որ նա վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին՝ փոխարինելով Հովհաննես Մանուկյանին։
 
Հասարակական տրանսպորտի վարորդները Երևանում երեկ գործադուլ էին անում` դժգոհելով, որ ապրիլի 8-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանն անհիմն ազատումներ է անում ընկերությունում և երեկ էլ ազատել է գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
 
Այնինչ վարորդներն պնդում էին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է և աշխատանքի տեղավորում իր մտերիմներին։
 
 
Անի Թամրազյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը