Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը, նա բավականին ամուր դիրքեր ունի. Ջաբարով


Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը, նա բավականին ամուր դիրքեր ունի. Ջաբարով

  • 28-05-2024 13:34:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով և աշխատելու է հանրապետության ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն»:
 
Վերջինս խոսել է այն մասին, թե հերթական բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում (-խմբ պաշտոնյանի տեղեկությունը թյուր է. Հայաստանի այլ հատվածներում ցույցեր չեն ընթանում, միայն Երևանում՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորությամբ), որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Բաքվի և Երևանի որոշմամբ սկսված սահմանազատման  պատճառով:
 
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը «ՌԴ գործընկերն է ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում ավելի ու ավելի են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»։
 
«Բացի այդ, այն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։
 
Մենք շահագրգռված ենք, որ հանրապետությունում լինի կայունություն»,- ընդգծել է Ջաբարովը:
 
Սենատորը հավելել է, որ Ռուսաստանը միշտ խոսել է Հայաստանի բնական դաշնակից լինելու մասին և հույս հայտնել, որ այդպես էլ կմնա ապագայում:
 
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանին և Ռուսաստանին իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ վերջինս այն համոզմանն է, որ «հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը