ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներն այցելել են Սև լիճ


ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներն այցելել են Սև լիճ

  • 30-05-2024 15:02:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սև լիճը մեկն է Հայաստանի այն շրջաններից, որոնք Ադրբեջանը օկուպացրել է 2021 թվականին։
 
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այցելել են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Սև լճի տարածք, ասվում է X-ում առաքելության էջում:
 
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ Գորիսում հանդիպել է առաքելության աշխատակիցների հետ։ Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ մինչ օրս ՀՀ–ում ԵՄ առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է անցկացրել:
 
Հավելենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այս շրջանում Հայաստանի տարածք են ներխուժել 2021 թվականին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանք այդ հատվածում վերահսկում են ՀՀ տարածքի ավելի քան 10 կմ2–ն։
 
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
 
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
 
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը