Չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով


Չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով

  • 30-05-2024 15:32:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
 
Բայրամովը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։
 
«Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
 
Նա ընդգծել է, որ ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։
 
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է Բայրամովը։
 
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
 
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
 
 Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը