Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո


Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո

  • 20-06-2024 13:41:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
 
«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Պետրոսյանը։
 
Նա չի ցանկացել այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը գնացել է Մոսկվա: Նրա խոսնակը հայտարարել էր, թե Պետրոսյանը պետք է հունիսի 18-ին վերադառնա, սակայն, ստացվում է, որ Պետրոսյանը դեռ չի եկել:
 
Սուրեն Պետրոսյանը դեռ Տավուշից լծվել էր Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները խափանելու գործընթացին: Այնուհետև նա Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ քայլելով հասավ Երևան և ակտիվ մասնակցում էր շարժման գործողություններին:
 
Այդ ընթացքում վերջինս մի քանի օր սկսեց բացակայել հավաքներից: Այնուհետև կրկին հայտնվեց և լրագրողներին հայտնեց, թե աշխատանքային այցով գնացել էր Եվրոպա և Մոսկվա:
 
Հունիսի 12-ին էլ, երբ Գալստանյանը և նրա համակիրները փորձում էին սահմանադրական կարգը տապալելով գրոհել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Պետրոսյանը բախումների ժամանակ անսպասելի անհետացավ:
 
Շարժման անդամները և համակիրները սկսեցին պնդել, թե իրավապահները նրան, այսպես ասած, առևանգել են: Այնուհետև այս պնդումները հերքվեցին, երբ Ազգային ժողովի պատգամավորներին իրավապահ կառույցներից վստահեցրել էին, որ Պետրոսյանի անհետացման հետ որևէ առնչություն չունեն իրենք:
 
Շարժման առաջնորդներից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է պարզաբանի, թե ինչ է եղել այդ օրը, քանի որ վերջինիս քաղաքական գաղափարակիցները այդ օրվանից հետո չեն տեսել նրան:
 
Նկատենք, սակայն, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններ է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
 
Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը