Իրանը կողմ է ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ողջունում է լարվածությունը նվազեցնելու անկեղծ ջանքերը. Մասուդ Փեզեշկիան
13-07-2024 18:50:16 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Tehran Times-ում հրապարակվել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանը «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերնագրով հոդվածը, որում նա ընդգծել է, որ Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։
Ըստ Իրանի նախագահի, իր կառավարությունում մտադիր է վարել ազգային շահերին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության քաղաքականություն՝ բոլոր երկրների հետ հարաբերություններում ստեղծելով «հավասարակշռություն»: Այս առումով նա ողջունել է լարվածությունը նվազեցնելու անկեղծ ջանքերը:
«Մենք համագործակցում ենք Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ խորացնելու տնտեսական հարաբերությունները, ամրապնդելու առևտրային հարաբերությունները, խթանելու համատեղ ներդրումները և շարժվելու դեպի երկխոսության, վստահության և զարգացման տարածաշրջանային շրջանակ ստեղծելու համար»,- գրել է Իրանի նախագահը։
Հրապարակված հոդվածում նախագահ Փեզեշկիանը նշել է, որ Իրանը կողմ է ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, այլ ոչ թե տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է գերիշխանության և գերակայության հասնել մյուսների նկատմամբ։
«Ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ իմ կառավարությունը ցանկացած իրավիճակում իր օրակարգում կդնի Իրանի ազգային պատիվն ու միջազգային արժանապատվությունը: Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է պատվի, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, որի մշակումն ու իրականացումը վստահված է նախագահին և կառավարությանը։ Ես մտադիր եմ հասնել այս նպատակին»,- գրել է նախագահը։
Իրանի նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը և նշել, որ Թեհրանը փորձում է խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև, Իրանը կաջակցի դրան ուղղված նախաձեռնություններին։
«Չինաստանն ու Ռուսաստանը մեզ աջակցել են դժվարին պահերին, և մենք խորապես գնահատում ենք այս բարեկամությունը։
Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ վարչակազմը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը»,- գրել էՓեզեշկիանը։
Տարածաշրջանը, ըստ Իրանի նախագահի, շատ երկար է տառապել պատերազմներից, միջդավանաբանական հակամարտություններից, ահաբեկչությունից, ծայրահեղականությունից, թմրավաճառքից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջավայրի դեգրադացիայից և օտարերկրյա միջամտությունից։
«Եկել է այդ ընդհանուր խնդիրները ի բարօրություն ապագա սերունդների լուծելու ժամանակը: Համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքը»,- շեշտել է Փեզեշկիանը: