«Տեղական ժողովրդավարություն՝ քո ուժը համայնքում»


«Տեղական ժողովրդավարություն՝ քո ուժը համայնքում»

  • 12-09-2024 11:59:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Երևանում, Արարատի և Վայոց ձորի մարզերում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կազմակերպվում են «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական դասընթացները։ Ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը կարևորելով տեղական ժողովրդավարությունը Հայաստանում նշում է, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդները, որոնք կորցրել են իրենց տունն ու հնարավորությունները, հայտնվել են Հայաստանի տարբեր համայքներում, որևէ կերպ չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին։ Հենց այս պատճառով մտածեցինք իրականացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա փոխանցել գիտելիքներ և առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք ակտիվորեն ներգրավված լինեն համայնքային կյանքում»։ 
 
Դասընթացի առանցքում տեղական ժողովրդավարության կարևոր գործիքների ու մասնակցային մեխանիզմների ներկայացումն է՝
- Ի՞նչ է տեղական ինքնակառավարումը
- Ո՞րոնք են տեղական ինքնակառավարման մարմինները
- Ո՞րոնք են ՏԻՄ-երի լիազորությունները
- Բնակչության մասնակցության ձևերն ու մասնակցությունը ընտրություններին
- Բնակիչների մասնակցությունը ՏԻՄ-երի գործունեությանը
- Տեղական հանրաքվեներ
- Մասնակցային բյուջետավորում
- Հանրային բաց լսումներ և քննարկումներ
- Խորհրդակցական մարմիններ և այլն։ 
 
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ նշում է, որ  «Ժողովրդավարական մեխանիզմների իմացությունը թույլ է տալիս քաղաքացիներին մասնակցել իրենց համայնքների կառավարմանը և որոշումներ կայացնել իրենց վերաբերող հարցերում: Սա, մի կողմից, ապահովում է բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքին, մյուս կողմից, իշխանությունների վրա հանրային վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է»:
 
Ծրագրի ղեկավար, ԵԱԴ նախագահության անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ  «Տեղական ժողովրդավարությունը կարևոր է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ համայնքներն իրենք կարող են որոշել իրենց առաջնահերթությունները և ռեսուրսների բաշխման արդյունավետ ձևերը: Տեղական ժողովրդավարության գործարկումը նպաստում է նաև քաղաքացիների քաղաքական կրթությանը և մասնակցային մշակույթի ձևավորմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կուժեղացնի ժողովրդավարական ինստիտուտները»։  
 
Ծրագրի համակարգող, արցախցի Ինեսսա Մուսայելյանն էլ տեղեկացրեց, որ  «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ծրագիրը երկու փուլից է բաղկացած՝ առաջին փուլում եռօրյա դասընթացների արդյունքում վերապատրաստել են 40 ուսուցանող, որոնք այսօր արդեն կազմակերպում են մեկօրյա դասընթացներ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։ 
 
Դասընթացներն իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
 
Ծրագրի կարգախոսն է «Տեղական ժողովրդավարություն՝ քո ուժը համայնքում»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն