Գերմանիայի հետախուզական ծառայությունները նախազգուշացնում են Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին


Գերմանիայի հետախուզական ծառայությունները նախազգուշացնում են Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին

  • 15-10-2024 10:51:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կահլը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին։
 
«Ոչ ուշ, քան այս տասնամյակի վերջին, ռուսական զինված ուժերը պետք է որ ի վիճակի լինեն ուղիղ հարձակում սկսել ՆԱՏՕ-ի վրա», - հայտարարել է Կահլը՝ երկուշաբթի օրը Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովում հետախուզության ղեկավարների բաց լսումների ժամանակ:
 
Կրեմլը Բեռլինին հակառակորդ է դիտարկում, ասել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահն՝ ընդգծելով՝ պատճառը Գերմանիայի ակտիվ աջակցությունն է Ուկրաինային։
 
«Մենք ուղիղ առճակատման մեջ ենք Ռուսաստանի հետ։ Պուտինին Ուկրաինան իրականում պետք չէ։ Նա նոր աշխարհակարգ է ձգտում ստեղծել», - նշել է Կահլը։
 
Ընդգծելով, որ ռուսական հետախուզական ծառայությունը գործում է իր հնարավորությունների առավելագույն չափով՝ Կահլը չի բացառել, որ իրավիճակը հնարավոր է սրվի։
 
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգն էլ իր հերթին շեշտելով ռուսական հետախուզական ծառայությունների ագրեսիվ գործունեությունը, մասնավորապես՝ ընդգծել է՝ հաճախակիացել են որակապես բարձր մակարդակով իրականացվող լրտեսության և դիվերսիայի դեպքերը։
 
Ռուսական կողմը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը