ՀՀ–ն շահագրգռված է ՌԴ–ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ. Միրզոյան
21-01-2025 14:10:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ՀՀ ԱԳ նախարարը ռուսական կողմին կոչ արեց միջազգային հարթակներում հաշվի առնել միմյանց շահերը։
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում։
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց` այսլ հանդիպումը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու և տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման համար։
«Հայաստանը շահագրգռված է արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում` ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը։ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները` խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Ցավոք, մենք դրանք տեսել ենք վերջին ժամանակներում»,– նշեց նա։
Միրզոյանը հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։ Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում նախարարը հայտարարեց, որ Երևանը միշտ փորձում է ըմբռնումով մոտենալ Մոսկվայի շահերին և ցանկանում է, որ ռուսական կողմը ևս ինչ–որ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը։
Միրզոյանը ՀՀ-ՌԴ գործընկերության կարևոր բաղադրիչ համարեց տնտեսությունը։ Նրա խոսքով` նկատվում է կայուն դրական ազդեցություն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։ ԱԳ նախարարը հայտարարեց, որ իր այցը նպատակաուղղված է նաև միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական հանձնաժողովի և այլ կարևոր հարթակների ձևաչափով համագործակցության զարգացմանը: Նա ընդգծեց` ասվածը վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։