Պուտինը և Փաշինյանը վերջին խոսակցության ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ում ՀՀ աշխատանքը․ Պեսկով
23-01-2025 14:52:45 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով և մի շարք թեմաներ քննարկել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ի շրջանակում Երևանի աշխատանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով։ Ըստ Կրեմլի` Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ:
Լրագրողը Պեսկովին հարցրել է, թե Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է արդյոք ՀԱՊԿ–ում Հայաստանի աշխատանքը ապասառեցնելու թեման։
«Ո՛չ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- պատասխանել Է Պեսկովը:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։