ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
07-10-2008 17:40:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի
«Մարդու իրավունքների պաշտպանություն, խթանում եւ կրթություն»
ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Երեւանում անցկացվեց
«Աջակցություն հանդուրժողականությանը» թեմայով քննարկում, որի
ընթացքում Ռուսաստանի եւ Եվրոպայի փորձը ներկայացրեցին Մոսկվայի
Հանդուրժողականության ինստիտուտի փորձագետներ Եկատերինա Գենիեւան
եւ Սվետլանա Սուլովան:
Ինչպես նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն
Հարությունյանը, մարդու իրավունքների պաշտպանությունը առաջին
հերթին փոխհարաբերությունների մշակույթ է, որից հետո
օրենսդրություն: Բացի այդ, ըստ նրա, օրենսդրությունը կարող է շատ
լավը լինել, սակայն օրենքները կարող են չափից ավելի վատ աշխատել,
ինչպես որ դա Հայաստանում է: Դրա պատճառն, Ա.Հարությունյանի
կարծիքով, այն է, որ Հայաստանում ձեւավորված չէ փոխհասկացողության
մշակույթը: «Մեր հասարակությունը կարիք ունի հանդուրժողականության:
Խնդիրն այն է, որ ոչ թե մեզանում չկա հանդորժողականության
մթնոլորտ, այլ որ մենք դեռեւս չենք գիտակցում դրա կարեւորությունը
հանրապետության զարգացման համար»,- նա:
Ծրագրի համակարգող Մարինա Մալխասյանը նշեց, որ 2007թ.-ից
իրականացվող այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է
Հանդուրժողականության ցանց, որտեղ ընդգրկված են մոտ 35 հասարակական
կազմակերպություններ: Ըստ նրա, ներկայումս որոշ
կազմակերպություններ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ հանրապետության
մարզերում իրականացնում են հանդուրժողականության խթանմանն ուղղված
ծրագրեր: Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից
նախատեսվում է ստեղծել Հանդուրժողականության կենտրոն: