Տերյանը յուրաքանչյուր հայ պատանու հետ է


Տերյանը յուրաքանչյուր հայ պատանու հետ է

  • 10-02-2025 12:23:03   | Հայաստան  |  Մշակույթ

 
Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։
 
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին:
 
Ներկաները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։
 
«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ, տերյանագետ Առուշան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ Վահան Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, իր երիտասարդությամբ, իր գործունեությամբ և պոեզիայով: Տերյանը լեգենդ դարձավ իր վախճանով: Նա անընդհատ մեզ հետ է, նա յուրաքանչյուր հայ պատանու հետ է։
 
Երևանի հմ. 91 դպրոցի աշակերտներն էլ ասմունքել են Տերյանի բանաստեղծություններից։
 
Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրել է ՋԱՀ-ի կողմից վերականգնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի շինարարական և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ  թանգարանը դառնում է մի վայր, որտեղ ամեն այցելու կարող է զգալ Տերյանի հոգու շունչը, ծանոթանալ նրա կյանքի պատմությանը և ներշնչվել նրա գրական վեհությամբ։
 
Այնուհետև ելույթներով հանդես են եկել «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Հասմիկ Վարդանյան), երգիչներ՝ Արմեն Տաշչյանը, Քերոբ Հովելյանը, Մավր Մկրտչյանը, ասմունքող՝ հանրապետական մրցույթի դափնեկիր Նարեկ Մարգարյանը։
 
Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Շախկուլյանին և աշխատակազմին հյուրընկալության համար։
 
 
Դավիթ Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ