Ներքին ցեղասպանություն Հայաստանում Մաս կամ Մեծն Մերգելյանը և պաշտոնյաների խավարամտությունը
11-02-2025 14:51:50 | Հայաստան | Վերլուծություն
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր,
Մարի Կյուրիի միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
Եթե այսպես շարունակվի, ապա իշխանության ու ընդդիմության բոլոր ջանքերը, բնակչության տարբեր շերտերի, բոլոր տեսակի քաղաքագետների ու մամուլի ներկայացուցիչների ջանքերն ապարդյուն կլինեն՝ Հայաստանը կկործանվի։
Պատճառը կլինի կյանքի ամենահիմնական կանոնի անտեսումը՝ կադրերն են որոշում ամեն ինչ: Սա բազմաթիվ կանոններից մեկը չէ պարզապես: Այն որոշում է ամեն ինչ երկրի կյանքի ու գործունեության մեջ, որոշում է երկրի առաջընթացը կամ հետադիմությունը, բարգավաճումը կամ կործանումը։
Հենց այդ կանոնն է հրեշավոր կերպով անտեսվում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։
Հայաստանում գիտնականների մակարդակի անտեսումն իրականացվում օրենսդրական մակարդակում։
Բանն այն է, որ նախարարությունը և կրթության ու գիտության հանձնաժողովը 2023 թվականի վերջում առաջարկել է ապրել նոր կանոններով։ Այդ առաջարկի մեջ ես նկատել եմ վեց հայեցակարգային սխալ՝ տես https://nt.am/ru/news/332897/: Մտամուխ եղեք՝ վե՛ց հայեցակարգային սխալ։ Պարզվեց, որ մեր քննադատությունը հասավ բոլորին՝ վարչապետի գրասենյակ, նախարարություն, հանձնաժողով։ Ավելին, դա հանգեցրեց նրան, որ նույնիսկ Փաշինյանը խոստովանեց, որ հանձնաժողովի ներկայացրած նախագծում լուրջ թերություններ կան։
Թվում էր, թե միակ խելամիտ տարբերակը այդ քննադատության հրապարակային քննարկումն էր։ Չքննարկեցին։ Ավելին, կառավարությունն արդեն 2025 թվականին հաստատել է, որ իր իսկ կողմից թերի ճանաչված 2023 թվականի առաջարկը, այս տարի կյանքի կկոչվի։ Միաժամանակ Փաշինյանը մի միտք հայտնեց (կառավարության նիստում), որը կարելի է վերաձևակերպելայսպես՝ այո, նախագիծը վատն է, բայց կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի։
Չի դնի:
Կոմիտեի նախագիծն այնքան անհեթեթ է, գիտության համար ցեղասպան, որ պետք է անհապաղ դադարեցվի:
Ակնառու ցույց տալու համար, թե որքանով է ցեղասպան այդ ամենը, բացատրեմ օրինակներով։
Ս.Ն. Մերգելյան՝ խորհրդային և հայ գիտության պարծանք, լեգենդար մաթեմատիկոս, ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր, Հայաստանում ինստիտուտի հիմնադիր (որը ժողովուրդն նրա անունով է կոչում) և այլն, և այլն։ Նա ուներ երեսունից ոչ ավելի զուտ գիտական հրապարակում։
Այսինքն, նա երկու տարին մեկ հրապարակել է միջինը մեկ աշխատանք։ Այժմ տեսնենք, թե ինչպես կգնահատվեր Մերգելյանը, Հայոցյանի (հանձնաժողովի նախագահ) հորինած, Անդրեասյանի (նախարար) 2023թ.-ին հաստատած և 2025թ.-ին Փաշինյանի կողմից որպես «կյանքի կանոն» որակված, գնահատման նոր համակարգում։ Այսպես ուրեմն, Հայոցյան-Անդրեասյան այսօրվա համակարգում (նախագծում) Մերգելյանը կարող էր լինել միայն լաբորանտ (նույնիսկ ոչ կրտսեր գիտաշխատող):
Մեկ այլ օրինակ։ Ակադեմիկոս Ն.ՈՒ. Առաքելյանը, ով աշխարհահռչակ խնդիր լուծեց, Հայաստանից միակը, ով պլենար դասախոսություն ունեցավ մաթեմատիկոսների համաշխարհային կոնգրեսում, համալսարանի ռեկտորը, ակադեմիայի բաժնի ակադեմիկոս քարտուղարը տարեկան միջինը մեկ հոդվածից քիչ էր գրում։ Դա նշանակում է, որ Հայոցյան-Անդրեասյան համակարգում նա այսօր կարող էր լինել ոչ ավելի, քան կրտսեր գիտաշխատող։ Նմանատիպ օրինակները շատ են։
Ուղեղը պարզապես հրաժարվում է հասկանալ Հայոցյանի և Անդրեասյանի նման «օրինաստեղծությունը», որտեղ գիտության և բարոյականության նվազագույն ըմբռնում անգամ չկա։
Ինչպիսի՞ հրեշ պետք է լինես, որ առաջարկես մի համակարգ, որտեղ Մերգելյանի ու Առաքելյանի նման հանճարները վերջին տեղերն են զբաղեցնում։
Գիտնականներին կամ գիտական աշխատությունները գնահատելու միակ չափանիշը նույն կամ ավելի բարձր մակարդակի մասնագետների կարծիքն է։ Մնացածը խարդավանք է։
Եվ միայն պատկերացրեք, որ Հայոցյան-Անդրեասյան ամբողջ համակարգում ոչ մի խոսք չկա հիմնական (և միակ) չափանիշի մասին։Արդեն չգիտեմ ինչպես ընդգծել այդ իրավիճակի անհեթեթությունը։
Ակնհայտ է, որ գիտնականների գնահատման ցանկացած ճիշտ («ոչ սատանայական») համակարգում Մերգելյանն ու Առաքելյանը պետք է լինեն հիերարխիայի ամենաբարձր մակարդակի վրա՝ չէ որ նրանք են մեծարվել ականավոր գործիչների (համաշխարհային կարգի) կողմից։
Իսկ այս համակարգում Մերգելյանն ու Առաքելյանը իսպառ բացակայում են։Հայոցյան - Անդրեասյանն ուղղակի ջնջել են նրանց գիտությունից։
Ինչպես միշտ, քննադատությունից հետո առաջարկություններ եմ անում։
Բազմիցս գրել եմ, թե ինչպես կարելի է որոշել գիտնականների վարկանիշները։
Հիմա հակիրճ կկրկնեմ առաջարկս՝ գիտնականների վարկանիշների գնահատման համակարգը։Այն նախկինում շարադրվել է իմ բազմաթիվ հրապարակումներում:Դրանք կարելի է նաև ներկայացնել որպես սկզբունքներ։Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Սկզբունք 1։ Գիտնականների մասին բոլոր տվյալները վերցվում են գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից:
Դա պետք է լինի անսասան կանոն՝ հակառակ դեպքում գործ կունենանք ստի, փաստերի խեղաթյուրման հետ տեղերում։Ի դեպ, Փաշինյանն ինքը արդեն հասկացել և բարձրաձայնել է այդ մասին։
Սկզբունք 2։ Գիտնականների վարկանիշները որոշելու ցանկացած ճիշտ համակարգ պետք է բաղկացած լինի երկու մասից՝առաջին մասը պետք է հաշվի առնի ֆորմալ տվյալները (օրինակ՝ հոդվածների քանակը), երկրորդ մասը պետք է հաշվի առնի հայտնի մասնագետների կարծիքը տվյալ գիտնականի մասին (օրինակ՝ տեսություն է մշակել կամ լուծել է ականավոր խնդիր):Ընդ որում, երկրորդ մասի յուրաքանչյուր տվյալ պետք է ավելի նշանակալից լինի, քան առաջին մասի տվյալները։
Ըստ այդմ, լաբորանտից մինչև գլխավոր գիտաշխատող աստիճանավորումները կհամալրվեն ավելի բարձր աստիճանավորումներով՝ գիտնականը լուծեց ականավոր խնդիր, ստեղծեց տեսություն և այլն։
Նկատեք, որ Հայոցյան-Անդրեասյան համակարգում հաշվի են առնվում միայն հրապարակումները:Հասկացեք, որ հազարավոր հրապարակումները (միասին վերցրած) չեն վերածվում տեսության կամ ականավոր արդյունքի:Դա նշանակում է, որ այս համակարգում ականավորները կարող են պարզապես փոշիացվել:
Մինչդեռ իմ առաջարկած համակարգում Մերգելյաններն ու Առաքելյանները միշտ կլինեն առաջին հորիզոնականներում։
Սկզբունք 3. Անհրաժեշտ է որդեգրել ճիշտ համակարգ և դրա հիման վրա որոշել բոլոր գիտնականների վարկանիշները՝ վերլուծելով ցանկացած գիտնականի գործունեությունը, հաշվի առնելով նրա կատարած աշխատանքը ամբողջ կյանքի ընթացքում:
Դրանով մենք հիերարխիա ենք սահմանում՝ այս մեկը գիտաշխատող է, մյուսը առաջատար գիտաշխատող, նա ականավոր գիտնական, իսկ նա «գեր ականավոր» գիտնական (ինչպես, օրինակ, Մերգելյանը):
Գիտնականների հիերարխիա հաստատելով, շատ հարցեր կարելի է հեշտությամբ լուծել։Օրինակ, ստեղծել բոլոր տեսակի խորհուրդներ և հանձնաժողովներ կամ նորացված գիտությունների ակադեմիա, ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտնականների ներառնելով:Ավելորդ չէ նշել, որ դրանք կլինեն ամենաազնիվ կառույցները, որտեղ կընդգրկվեն լավագույններից լավագույնները։Նման ազնիվ համակարգ հետխորհրդային տարածքում կհաստատվի առաջին անգամ։
Իհարկե, հարց կառաջանա՝ ի՞նչ անել ականավոր գիտնականների հետ, եթե դադարել են ակտիվ աշխատել։
Հարցը լուծվում է շատ պարզ։
Սկզբունք 4։ Ակտիվ աշխատանքը դադարեցրած ականավորները պահպանում են իրենց կարգավիճակը, բայց դադարում են նույն չափով վարձատրվել:Պետությունը կարող է նրանց ներառել տարբեր խորհուրդներում, նորացված ակադեմիա ձևավորելու համար կամ օգտվել նրանց գիտելիքներից (որպես խորհրդատուներ):Գեներալին չի կարելի աստիճանազրկել մինչև զինվոր։
Կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանի իշխանությանը ուղղված ամենամեծ մեղադրանքը լինելու է գիտության մեջ Հայոցյան-Անդրեասյան ապուշ համակարգի ստեղծումը։Դրանից խուսափելու համար Փաշինյանին շտապ անհրաժեշտ է գիտության մեջ գոնե ընդունելի համակարգ ստեղծել։Գոնե շտկել Հայոցյան-Անդրեասյան համակարգի հրեշավոր կոպիտ սխալները։
Դա անելու համար բավական է կամ ընդունել իմ առաջարկած համակարգը (արդեն տասն անգամ հրապարակված), կամ անմիջապես սկսել այդ համակարգի հանրային քննարկում։